ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։

2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն փոխանցել ԵԲԿՏ-ում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ խմբերի աշխատանքային ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, նշել է, որ դրանք պետք է շարունակական լինեն։

Մատնանշելով թեմայի կարևորությունը՝ Կարեն Թռչունյանը փաստել է․ «ՀՀ-ն երկար տարիներ անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքին և ունի որոշակի պարտավորություններ ու բարեփոխումներին միտված քաղաքականություն: Անդամակցելով Բոլոնիայի գործընթացին՝ մենք պարտավորություն ենք հանձն առել իրականացնելու բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի նկատմամբ: Ինքնահավաստագրման գործընթացը նպատակաուղղված է ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչմանը, որակավորումների արժանահավատ շնորհմանը և եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների համադրելիության ապահովմանը: Այսօր արդեն տրվել է նշված աշխատանքների մեկնարկը»։

Խոսելով ոլորտում առկա, ժամանակ առ ժամանակ հնչեցված խնդիրների և հարցադրումների մասին՝ նախարարի տեղակալն ասել է, որ դրանք պահանջում են համակարգային լուծումներ։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կլինեն տեսանելի և չափելի արդյունքներ։

Քննարկման մասնակիցներին Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհական համակարգում, ըստ տարբեր ոլորտների, մասնավորապես բժշկության ոլորտում, արդեն կազմվել են լիցենզավորման ստանդարտներ: Այս գործընթացները արդյունավետ իրականացնելու համար ցուցաբերվելու է խիստ մոտեցում, որը միտված կլինի միմիայն բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, ԵՊՀ ակադեմիական /ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵԲԿՏ որակի ապահովման չափանիշներին և ուղենիշներին համապատասխան որակի ապահովման խմբի ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը, ԵԲԿՏ որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգի խմբի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը, Բոլոնիայի գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնող «Ուսումնառություն և դասավանդում» խմբի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը:

Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ անդամները քննարկմանն անդրադարձել են աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին՝ ներկայացնելով գործողությունների ճանապարհային քարտեզը, միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմների մշակմանը, որակի ապահովման գործընթացների թվայնացմանը, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ադապտացմանը, որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը, կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը, ՈԱՇ-ի և որակի ապահովման միջև կապին։

Նաև նշվել է, որ ՀՀ հանձնառության խմբերի աշխատանքները և խորհրդատվությունները նախատեսվում է ներկայացնել Բոլոնիայի քարտուղարությանը։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել։

Ամփոփելով «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները և հաշվետվողականությունը չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու ու առաջիկա անելիքները հստակեցնելու տեսանկյունից։ Նա նաև հորդորել է բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կապահովեն կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումներին ուղղված գործընթացների թափանցիկությունը: