Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները:

Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները` շուրջ 80 աշխատանքով: Այնուհետև՝ ժամը 17:30-ին, կկայանա գալա-համերգը. ծրագրի շրջանակում առավել աչքի ընկած մասնակիցներից բաղկացած համույթների և նվագախմբերի կատարումներով։

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մենակատարների համերգ՝ կրկին Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների սովորողների մասնակցությամբ: Դեկտեմբերի 23-ին էլ՝ ժամը 15:00-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի համերգասրահում կկայանա «Քույր դպրոցներ» ծրագրի մենակատարների և համույթների ամփոփիչ համերգը:

Ծրագրի նպատակն է մշակութային կրթության ոլորտի շարունակական զարգացումը, ոլորտի գրավչության մեծացումը, համատեղ ստեղծագործական աշխատանքի, գործնական հմտությունների ձեռքբերումը: Այն նպաստում է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման, փորձի փոխանակման հարթակների ձևավորման և դրանց գործունեության միջոցով ոլորտի համաչափ, ներդաշնակ, հավասարաչափ զարգացման ապահովմանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականին կայացել է Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը։ Կարևորելով ծրագրի դերակատարությունը մշակութային կրթության ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2019-2021 թթ. աջակցել է ծրագրի իրականացմանը: Հաշվի առնելով գրանցած հաջողություններն ու ծրագրի առջև դրված նպատակների հետևողական իրագործման արդյունքները՝ 2022 թվականից այն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում՝ որպես նպատակային կրթական ծրագիր:

Ծրագրի շրջանակում Երևանի և ՀՀ մարզերի 60 երաժշտական ու արվեստի դպրոցների միջև ստեղծվել են ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության նոր կապեր: 2019-2022 թթ. ծրագրի այցելությունների փուլում կազմակերպվել են համերգներ, վարպետության դասեր, համատեղ համերգային ծրագրեր, հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ պատմամշակութային վայրեր և թանգարաններ՝ Երևանում և ՀՀ մարզերում:

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: