Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած՝ Պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930.7 հազար դրամ։

Հավաքագրման աշխատանքները շարունակվել են նաև 2022 թվականի ընթացքում և միջոցառման շահառու են համարվել այն սովորողները, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ։ Այդ նպատակով ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1239 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 285 մլն 23 հազար դրամ:

2022 թվականի հուլիսի 31-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բուհերի կողմից նախարարություն ներկայացրած շահառուները՝ 364 անձ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 93 մլն 974.6 հազար դրամ:

2020 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնած և մարտական գործողություններին մասնակցած սովորողների վերջին խումբը ենթակա էր զորացրման 2022 թվականի ամառային զորացրման ժամանակ, որոնք էլ ստանալու են նշված փոխհատուցումը: