ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով:
Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ:
Համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, դեսպաններ, խորհրդականներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ։
ՌԴ պաշտոնական հրավերով համաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի Համաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կիրարկման ազգային զեկույցի պատասխանատու)։
Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը, ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը, Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդատու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Միյտեմիր Շայմիևը, Սիրիայի Արաբական Հանրապետության, Սալվադորի մշակույթի նախարարները և այլ երկրների պաշտոնատար անձինք։
«Մեծ Մետաքսի ճանապարհ» խորագրով գիտաժողովին հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ պ․ գ․ դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և պ․ գ․ թ․, գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը: Նրանք հանդես են եկել «Միջնադարյան Հայաստանը և Մեծ Մետաքսի ճանապարհը» խորագիրը կրող զեկույցով։ Նշյալ զեկույցը մշակվել էր վերջերս հայտնաբերված Արցախի մելիքների պատվերով կատարված 17-րդ դարով թվագրվող չինական հախճապակուց պատրաստված գտածոների հիման վրա։
Համաժողովի մյուս՝ «Համաշխարհային ժառանգության հուշարձանների կառավարիչների» գիտաժողովի մոդերատորներից էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, պ․ գ․ թ․ Միքայել Բադալյանը։ Արգելոց-թանգարանի տնօրենը հանդես է եկել նաև զեկույցով՝ նվիրված Ուրարտական (Վանի) թագավորությանը, դրա պատմահնագիտական ժառանգության պահպանությանը։
Համաժողովի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Այս համատեքստում ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցությունների ուղղություններով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից համաժողովի մասնակիցներին և գործընկերներին նախարարության ներկայացուցիչները նվիրել են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մասին գրքեր: