Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակի թեկնածուները պետք է նախապես ուսումնասիրեն ՉԺՀ բուհերի պահանջները, ընտրեն մասնագիտությունը, նախօրոք կապ հաստատեն տվյալ բուհի հետ՝ նախնական նամակ-հրավեր ստանալու նպատակով:

Լեզուն սովորելու համար հատկացված մեկ տարում ՉԺՀ բուհերում բակալավրի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 3-րդ մակարդակի վկայական (HSK3), մագիստրատուրայի և դոկտորանտուրայի թեկնածուները՝ 4-րդ (HSK4)։

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
  2. չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. նամակ-հրավեր ՉԺՀ բուհից և/կամ ղեկավարից,
  4. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  5. ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  6. բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  7. ինքնակենսագրություն (CV անգլերենով),
  8. 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),
  9. անձնագրի պատճենը (չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
  10. բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (անգլերեն լեզվով՝ չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
  11. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  12. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
  13. չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և պայմաններ:

Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

  1. ռեֆերատ հայերեն լեզվով (10 էջ),
  2. օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 1 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հունվարի 11-ը՝ ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +374 10-59-96-46, +37410-59-96-44)։

Քննությունները տեղի կունենան 2022 թվականի հունվարի 11-ին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայք:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-59-96-44; +374 10-59-96-46):

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: