ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ապրիլից-նոյեմբեր իրականացրել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Թեմաների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի առանձնահատկությունները: Հանդիպումներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունեցել ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն մասնակցություն ունենալով արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանը, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման խթանմանը՝ ամրապնդելով դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, ինչպես նաև ծանոթացնելով երիտասարդ սերնդին ժամանակակից արվեստագետներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին։

Ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տեղի են ունեցել 50 հանդիպում արվեստագետների հետ։ Ընդհանուր հանդիպումներին մասնակցել են 525 դպրոցի 4887 սան և 525 ուղեկցող մանկավարժ։

Բոլոր հանդիպումները տեսանկարահանվել և պատրաստվել են հեռուստահաղորդումներ՝ ծրագրի լսարանն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով: Բացի բուն հանդիպման հատվածից և հարցուպատասխանի բաժնից՝ հաղորդման մեջ ընդգրկվել են նաև բլից հարցեր, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետին նաև այլ տեսանկյունից: