Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար Անգելոս Սիրիգոսին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Անգելոս Սիրիգոսի գլխավորած պատվիրակությանը՝ կարևորելով կրթության ոլորտում հայ-հունական փոխհամագործակցության օրակարգի ընդլայնմանը, հարստացմանը և համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ա. Մարտիրոսյանը հատկապես առանձնացրել է այն հարցերը, որոնք ուղղված են Հայաստանի և Հունաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև ձևավորված երկխոսության ու համագործակցության զարգացմանը:
Փոխնախարարը կարևորել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող հայ-հունական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ներդրվում է դուալ կրթությունը: Ա. Մարտիրոսյանն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ իրականացնելով ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների փոխանակման համատեղ կրթահետազոտական ծրագրեր:
Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր գոհունակությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության, երկու բարեկամ երկրների միջև կնքված համաձայնագրի երկարաձգման և շարունակության հնարավորության համար:
Կողմերը քննարկել են 2 երկրների բուհերում հայագիտական կենտրոն կամ ամբիոն հիմնելու հեռանկարները, ինչպես նաև դիտարկել փոխգործակցության ընդլայնումը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում: