Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում Մկրտչյանը ցույց է տվել 163 կգ, հրում վարժությունում՝ 205 կգ արդյունք՝ չկարողանալով մրցանակային տեղ զբաղեցնել։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է միայն 165 կգ ծանրաձողը, իսկ հրումում զրո է ստացել՝ չկարողանալով բարձրացնել առաջին մոտեցման համար պատվիրած 200 կգ-ն։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ իրենց ելույթներն ԱԱ-ում ավարտել էին Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ):

Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողը և գրավել է 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 186 կգ արդյունքով զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։

Վարդան Մանուկյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:

Իզաբելլա Յայլյանն էլ երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը:

Այսօր կեսգիշերին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ):

Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին: Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: