Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների կառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին կազմակերպում է «Պահպանության ռազմավարության և կառավարման պլանների ուղղությամբ կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողովը:
Ծրագրին մասնակցելու են տեղի և արտերկրի մասնագետներն ու փորձագետները։ Հրավիրված մասնագետները (Իտալիա, Հունաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) ունեն հուշարձանների հետ աշխատելու հարուստ փորձ և կարող են օգտակար լինել ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված, այլև առհասարակ հայաստանյան մյուս հուշարձանների կառավարման պլանների կազմման աշխատանքների համար։ Աշխատաժողովի անգլերեն զեկուցումները կուղեկցվեն հայերեն համաժամանակյա թարգմանություններով։
Աշխատաժողովը տեղի է ունենալու «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, որը միաժամանակ հնարավորություն կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին տեղում ծանոթանալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված հուշարձանին։
Նկատենք, որ դեռևս նոյեմբերի 28-ից Հայաստանում գտնվող Զամանի ծրագրի երկու փորձագետներ (Քեյփ Թաունի համալսարան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ իրականացնում են Հաղպատ և Սանահին վանական համալիրների մանրամասն սկանավորման աշխատանքներ, որոնք կավարտվեն դեկտեմբերի 9-ին։
Աշխատաժողովի ծրագիրը կցվում է: