Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 4-7-ը կայացել է «Մենք միասին ենք» միջազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:

Համաժողովի խորագիրն էր «Համագործակցություն հանուն ընդհանուր նպատակների». այն միավորել էր ավելի քան 10 հազար երիտասարդի շուրջ 45 երկրից, որոնք ներկայացնում են կամավորական կազմակերպություններ, հիմնադրամներ, բիզնես համայնքներ, սոցիալական նախաձեռնություններ, հաղորդակցության գործակալություններ և այլն: Հայաստանի պատվիրակությունից մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորի, սոցիալական գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ամենամյա համաժողովի նպատակն է խթանել կամավորական աշխատանքը երիտասարդների շրջանում, ստեղծել համագործակցության հարթակներ, ձևավորել սոցիալական փոփոխությունների առաջնորդների և հոգատար համայնք, որը պատրաստ է գործել իր միջավայրում կյանքի որակը բարելավելու համար:

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ, տաղավարներում իրականացվել են կամավորության վերաբերյալ և այն խթանող նախաձեռնություններ, խաղեր, բարեգործական ակցիաներ, թեմատիկ դասընթացներ: Միջոցառման հիմնական բաղադրիչը երկրի առաջատար դեմքերի մասնակցությամբ պանելային քննարկումներն ու բանախոսություններն էին: Թեմաներն առնչվում էին սոցիալական խնդիրների, միջազգային համագործակցությունների, շրջակա միջավայրի բարելավման, տարբեր տարածաշրջաններում մշակութային ինտեգրացիաների, մեդիա հարթակում նորարարությունների և այլ թեմաների:

Համաժողովի գլխավոր միջոցառումը «Մենք միասին ենք» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունն էր, որը կայացել է դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը: Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգերում՝ «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն», «Բժշկություն և առողջ ապրելակերպ», «Էկոլոգիա և կայուն զարգացում»:

Մրցույթի մասնակիցներից էր նաև հայաստանցի Անի Գաբրիելյանը: Նա «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Ռումինիայում զբաղվում է կամավորությամբ և մրցույթում ռումինական AIDE կազմակերպության անունից ներկայացրել է «From rural to nonformal» («Ոչ ֆորմալ կրթությունը գյուղական համայնքների համար») ծրագիրը՝ «Էկոլոգիա և կայուն զարգացում» անվանակարգում: Շուրջ 400 ծրագրերից Անի Գաբրիելյանի ծրագիրը 75-ի հետ անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով վկայականի: Նշենք, որ տարածաշրջանային գնահատող փորձագետների կազմում էր նաև հայաստանյան ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը: