Երևանի ՀՊՏՀ և ԲԿՄԱ մարզադահլիճներում օրերս կայացել են Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2022» առաջնության եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները:

Տղամարդկանց առաջնությունն անցկացվել է 4 փուլով՝ ապրիլին, մայիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին: Առաջնությանը 5 թիմ է մասնակցել՝ ՖԻՄԱ, ԲԿՄԱ, ՄՍԿՀ (Մխիթար Սեբաստացու կրթահամալիր), ՃՇՀԱՀ և Գյումրի:

Լիգայի չեմպիոնությունը որոշվել է 4-րդ փուլի վերջին խաղում՝ ՖԻՄԱ և ՄՍԿՀ թիմերի մասնակցությամբ: Լարված խաղում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տարել և ճանաչվել լիգայի հաղթող: Լավագույն եռյակը եզրափակել է ԲԿՄԱ-ն:

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո լիգա 2022» առաջնության լավագույն խաղացողներ են ճանաչվել Վահե Նազարյանը (ՄՍԿՀ), Երվանդ Զաքարյանը (ՄՍԿՀ), Խաչատուր Ասմարյանը (ԲԿՄԱ), Արտեմի Սոլոդուխինը (ՄՍԿՀ), Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ), Հայկ Բաղրամյանը (ՖԻՄԱ):

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հատուկ նվերին էլ արժանացել է ՄՍԿՀ թիմի անդամ, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, Աշխարհի լիգայի հաղթող Խաչատուր Ստեփանյանը:

Կանանց «Պրո Լիգա»-ն էլ անցկացվել է 4 թիմերի մասնակցությամբ՝ «Վան», «Արցախ», ԲՊՀ (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) և «Կոտայք»: Թիմերը մրցել են երեք փուլով՝ մայիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին:

Կանանց լիգայի չեմպիոն է հռչակվել «Վան» թիմը, որը երեք փուլում ոչ մի պարտություն չի կրել, երկրորդ տեղը զբաղեցրել է ԲՊՀ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արցախի թիմը:

Կանանց թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով, իսկ Արցախի թիմին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան վոլեյբոլի մարզագույք է տրամադրել:

«Պրո Լիգա 2022» կանանց առաջնության լավագույն խաղացողներ են ճանաչվել Միլենա Տոնոյանը («Վան»), Սոնա Սահակյանը (ԲՊՀ), Շուշանիկ Տիգրանյանը (ԲՊՀ), Ինգա Ղուկասյանը («Վան»), Փարիսա Գանբառնեժադը («Վան») և Մարիաննա Ղալայանը («Արցախ»):

Մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և ՀՎՖ նախագահության անդամ Ռազմիկ Սուլթանյանը: