ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը:
2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները։
Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մեծ Բրիտանիայից ժամանած «Վեսթմինսթեր» լարային քառյակն առաջին անգամ Երևանում կկատարի Է․ Էլգարի «Ինտրոդուկցիա և ալլեգրո» ստեղծագործությունը՝ քառյակի և նվագախմբի համար։
Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր, որը հնարավորություն կընձեռի օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալու Հայաստանին. պատանիները կայցելեն պատմամշակութային և տեսարժան վայրեր:
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով։
Այս տարի ևս փառատոնի հյուրեկ երաժիշտների շարքում հայազգի շնորհաշատ պատանիներ են, որոնք փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին։
Արձանագրենք նաև, որ իններորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները ամերիկյան աստղերի հետ մասնակցում են «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի՝ Նյու-Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր։
«Նոր անուններ» ծրագրի նախագահն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: