ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում ներկա է եղել «Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության զարգացում. հայացք դեպի ապագա» կլոր սեղանին:

Հայաստանի և Ռուսաստանի կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին ներկա էր նաև ՌԴ նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, որի ղեկավարությամբ պատվիրակությունը Հայաստան էր ժամանել նախօրեին:

«Մեր երկրների միջև համագործակցության ծրագրերի լայն շրջանակը, մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերը, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնումն ու միջոցառումների համատեղ անցկացումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթություններն են։ Այս հանդիպումը հարթակ է մեր սերտ համագործակցությունն ամրապնդելու և նոր զարգացումների հնարավորություններ ստեղծելու համար։ Վերջին տարիներին մեր երկրների ամուր փոխգործակցության շնորհիվ ավելացել են գիտակրթական համատեղ նախագծերը, ամրապնդվել են մեր շրջանավարտների համախմբման հարթակը, ստեղծվում են նախադրյալներ համալսարանների և բիզնեսի փոխգործակցության համար, ինչը, անկասկած, նպաստում է մեր երկրների գիտակրթական զարգացմանը»,- ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալը:

Կարեն Թռչունյանը հավելել է նաև, որ ներկայումս կրթության արտահանումը միջազգային համագործակցության հեռանկարային զարգացող ոլորտ է, իսկ գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը տարեցտարի առավել տարածված ու մրցունակ են դառնում միջազգային կրթական շուկայում:

Իգոր Մասլովն ընդգծել է, որ նախագծերի իրականացումը և գիտակրթական հաստատությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու կառուցողական երկխոսությանը։

«Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ առանց երկխոսության ու ակտիվ քննարկումների չի կարելի արդյունավետ և կենսունակ հարթակ ստեղծել»,- ասել է ՌԴ նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետը: