ՀՀ մարզերի, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների պետական պատվերով սովորող սաները հանդես են եկել «Ավանդույթների պահապանները» խորագիրը կրող հաշվետու համերգով, որը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր «Մշակութային աջակցության հիմնադրամը»:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ իրեն քաղաքակիրթ կարող է համարել միայն այն ազգը, որն իր հոգևոր նկարագրով հակված է դեպի համաշխարհային դասական արժեքները, իսկ թիկունքում պահում է իր արմատները, ժողովրդական երաժշտությունն ու արվեստը:

«Այս նախագիծը մեզ համար կարևոր է հենց այս երկու հոգևոր բևեռների ներդաշնակությամբ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ձեզ՝ սիրելի պատանիներ, որ որոշել եք զբաղվել երաժշտությամբ և ստանալ երաժշտական կրթություն: Երախտիքս եմ հայտնում ձեր ծնողներին իրենց որոշման համար: Իմ ներկայությունն այստեղ խնդրում եմ ընկալել որպես երաշխիք, որ պետությունը պետք է հետամուտ լինի իր պատանի տաղանդներին և նրանց մասնագիտական զարգացմանն ու կարիերային: Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի զորակոչի ժամանակ գրեթե մեկ տասնյակ պատանիներ տարկետում են ստանում իրենց մասնագիտական կրթությունը շարունակելու համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանը նաև անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող թանգարանային, թատերական, երաժշտարվեստի, կերպարվեստի ոլորտներում իրականացվող կրթական ծրագրերի կարևորությանը և նշել, որ այդ ծրագրերի միջոցով լավագույն արվեստագետները և ոլորտի մասնագետները փորձում են հաղորդել այն իրականության հմայքը, որը կոչվում է արվեստի իրականություն:

«Եկեք մեզ խոստանանք, որ մեր պատասխանատվությունը չի սահմանափակվելու միայն միջոցառումներով և հանդիսավորությամբ. ամենալուրջ պետական վերաբերմունքը պետք է ցույց տանք այս սերնդի նկատմամբ, որովհետև ամբողջապես իրենց ձեռքերում են վաղվա մեր պրոֆեսիոնալ գոյությունը և կեցությունը»,- ասել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել մանկավարժներին ներդրած մեծ ջանքերի համար:

«Մշակութային աջակցության հիմնադրամի» ղեկավար Նելլի Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» պետական ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի երեխաներն անվճար ուսուցման հնարավորություն են ստանում: Տարիներ ի վեր նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին: