ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով:

Դասագրքի ծավալին ներկայացվող պահանջ

Դասագրքերի էջերը պետք է չգերազանցեն 5-րդ և 7-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), իսկ 10-րդ դասարանում՝ 192 էջը (12 մամուլ): Դասագիրքը պետք է լինի թղթային, ունենա օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը և համահեղինակների միջև կնքված պայմանագիր՝ հստակ սահմանելով համահեղինակների՝ տվյալ դասագրքի ստեղծման մտավոր սեփականության իրավունքի պայմանները:

Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Այս պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը:

Փորձաքննությունն անցած և հաղթող ճանաչված յուրաքանչյուր դասագրքի համար (բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր չափաբաժնից 2 դասագիրք) տրվում է 6,300,000 (վեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներն են՝

  • դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,
  • դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործվեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,
  • դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,
  • դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,
  • դասագիրքը պետք է լինի մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողությանը, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառի պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,
  • դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,
  • դասագրքի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:

Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչ է մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության փուլ և բովանդակային գնահատման փուլ:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշի ու դրա էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը) մինչև 2023 թվականի մարտի 31-ը՝ ժամը 15:00-ն: