ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների գիտական լիակատար հաշվետվությունների կազմման չափանիշները։ Այն տարվա ընթացքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվությունների կազմման ուղեցույց է:

Չափանիշները մշակվել են ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, որոք ներկայացվել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի քննարկմանը և արժանացել հավանության:

Փաստաթղթի լրամշակմանը մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Նոր իրավական ակտը կնպաստի հնագիտական հաշվետվությունների միասնական ձևաչափի ներդրմանը՝ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների հաշվետվությունների հաստատված չափանիշներին համապատասխան:

Ներկայացվող հաշվետվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տարեկան երկու անգամ պարբերականությամբ առցանց կհրապարակվեն «Հայաստանի հնագիտական հաշվետվություններ» անվամբ, կտեղադրվեն նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների պաշտոնական կայքերում՝ ազատ հասանելիությամբ: