«Արագածոտնի երիտասարդական միավորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնությունների կոալիցիան կազմակերպել է «Երիտասարդական ֆորում-2022 Արագածոտն» համաժողովը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության, Արագածոտնի մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներն էին Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Արևուտ, Թալին, Ծաղկահովիտ, Մեծաձոր (Շամիրամ) համայնքների 14-30 տարեկան 50-ից ավելի երիտասարդներ:

Ֆորումը մեկնարկել է պանելային քննարկմամբ, որի նպատակն էր վեր հանել մարզային երիտասարդությանը հուզող խնդիրների շրջանակը և համատեղ ուժերով ուղիներ գտնել հնչեցրած հարցերի լուծման ուղղությամբ՝ որպես Արագածոտնի մարզպետարանի երիտասարդական ծրագրերի նախագծման և իրականացման հետագա ուղենիշ։

Քննարկման ընթացքում ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը ներկայացրել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հիմնականում շեշտելով մարզաբնակ երիտասարդներին ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների առաջնահերթությունը։

Պանելային քննարկումից հետո երիտասարդները մասնակցել են 3 թեմատիկ աշխատարաններում իրականացվող քննարկումներին, որոնք վերաբերել են երիտասարդների զբաղվածությանը, համայնքային նախաձեռնություններին, պետություն-ՏԻՄ-երիտասարդություն համագործակցությանը։ Քննարկումներից հետո պատրաստվել են առաջարկությունների փաթեթներ, որոնք հետագայում կփոխանցվեն պատկան մարմիններին՝ հետագա ծրագրերի մշակման ընթացքում դրանք հաշվի առնելու նպատակով:

Հանդիպման ավարտին ներկաները համոզմունք են հայտնել, որ «Երիտասարդական ֆորում-Արագածոտն 2022» միջոցառումը կարող է նախադեպային լինել այլ համայնքների, մարզերի և հասարակական կազմակերպությունների համար՝ քննարկելու երիտասարդներին վերաբերող խնդիրները և փնտրելու համատեղ լուծումներ: