ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց:

Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար:

Վերականգնողների բնագավառը Հայաստանում ունի զարգացման, կանոնակարգման, իսկ առանձին մասնագիտացումների գծով նաև համալրումների կարիք։ Օրինակ՝ ապակե, փայտե, մետաղյա գտածոների կամ պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր առարկաների վերականգնման կամ ամրակայման աշխատանքների ուղղությամբ առկա է վերականգնողների պահանջ: Գիտագործնական նման դասընթացները հնարավորություն կտան ինչպես գործող վերականգնողներին, այնպես էլ ոլորտի նորեկներին հմտանալու այս ասպարեզում:

Նշենք, որ 2022 թվականի սկզբին մեկնարկած այս միջոցառումները կլինեն շարունակական և կիրականացվեն նաև հաջորդ տարի։