ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային կազմակերպությունը և ինքնազբաղ կոլեկտիվ Հայաստանի «Դիվիզի» երգչախումբն իրականացրել են «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոն» ծրագիրը:

Մրցույթ-փառատոնն անցկացվել է «Խմբերգային ստեղծագործություն» անվանակարգում՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, պրոֆեսոր Լևոն Չաուշյանի հիշատակին:

Ծրագրի շրջանակում իրականացվել է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների մրցույթ: Մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երկու ստեղծագործություն՝ «Kyrie eleison» (Արմեն Գևորգյան) և «Հովեր» (Էլեն Յոլչյան):

Նոյեմբերի սկզբին տրվել է փառատոնի մեկնարկը, որի ընթացքում Հայաստանի «Դիվիզի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Ալավերդյան) Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում հանդես է եկել համերգներով: Կատարվել են հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ: Ղ. Աղայանի թիվ 63 հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացվել է ուսուցողական համերգ-դասախոսություն: «Երաժշտական կրթության դերը ստեղծարարության զարգացման մեջ» թեմայով համերգ-դասախոսություն է անցկացվել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի մասնակցությամբ:

Նոյեմբերի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում փառատոնը եզրափակվել է գալա-համերգով և մրցանակների հանձման հանդիսավոր արարողությամբ: «Դիվիզի» արվեստների սինեզ մշակութային ՀԿ-ն մրցանակներ է հանձնել մրցույթի մասնակիցներին: Տրվել են նաև հատուկ մրցանակներ «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոն» ծրագրի գործընկերների կողմից:

Գալա համերգի ընթացում հնչել են Արմեն Գևորգյանի «Kyrie eleison» և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սաների, Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի և «Լիլլա» վոկալ կվարտետի կատարմամբ: