ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նիստին մասնակցել է նաև ՄԿՈՒ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ քննարկվում է անչափ կարևոր հարց, քանի որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նախագծով առաջարկվող մի շարք դրույթների վրա: Վահրամ Դումանյանի խոսքով՝ կրեդիտային համակարգում ներդաշնակության, ճանաչելիության և կրեդիտների հաշվարկման խնդիր կա: «Բուհերում կրեդիտային համակարգի մասով շատ պայմանական են թվերը, ինչպես նաև նույն անվանումով, ժամաքանակով և վերնագրով դասընթացի առկայությունը տարբեր հաստատություններում, սակայն բովանդակության մեջ՝ ոչ մի ընդհանրություն: Առկա է նաև կրեդիտների ճանաչելիության խնդիր, որպեսզի ավարտելուց հետո չառաջանան խնդիրներ»,-նշել է նախարարը՝ հորդորելով ուշադրություն դարձնել նաև տերմինների խնդրին:

«Տերմիններ կան, որոնք փառքի, նվաճման և ավանդի օրինակելի իմաստով են սահմանվել, բայց արդյունքում՝ այնքան ենք օգտագործվել, որ վարկաբեկվել են: Օրինակ՝ այս համակարգում ես վարպետ բառը կօգտագործեի, որը շատ հրաշալի տերմին է. վարպետ ասում են մշակույթի բարձունքներին հասած մարդկանց»,- ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանը նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ պետք է հստակություն լինի պրակտիկ և տեսական ուսուցման հարաբերակցության մեջ. «Ուսուցման պրակտիկ մասը՝ իբրև աշխատանք, հանկարծ չվերածվի ձևի համար մի տեղ գրանցվելուն: Առհասարակ, երազանք կարելի է համարել երբևէ կրթական օրենսգիրք ունենալը: Այո, այսօր դա երազանք է, որովհետև մենք դեռևս այնքան փոփոխությունների կարիք ունենք մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների մասին և այլ օրենքներում: Անկեղծ ասած՝ նման հավակնություն ունենք, սակայն դեռևս փորձում ենք ֆինանսավորման խնդիր լուծել»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև կրթական հաստատությունների իրավակազմակերպական ձևերի մասին խնդրին:

Նախագիծը ներկայացրել է GIZ-ի փորձագետ Մարինե Հակոբյանը՝ նշելով, որ ՄԿՈՒ ոլորտը երկար տարիներ բարեփոխվել է համաձայնագրերի, պայմանագրերի և փորձարարական ծրագրերի շրջանակում. ներկայում այդ ամենը փորձ է արվում համապատասխանեցնել օրենքի նախագծին: Նրա խոսքով՝ նախագծում իրականացվել են մի շարք հիմնարար փոփոխություններ, այն է՝ սոցիալական գործընկերներ, ՈԱՇ, ՈՈՇ, կրեդիտային համակարգ, կրթության կազմակերպման մեթոդաբանության, ձևերի, ԱՀՈՒ և ներառական կրթության ներդրում, գնահատման և արդյունքների ճանաչման նոր մոդել, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում, արտաքին գնահատում, կառավարման նոր մոդել, մանկավարժական աշխատողների շրջանակ, մրցույթ, ատեստավորում, հարակարգ և ֆինանսավորման համակարգի սահմանում:

Ըստ փորձագետի՝ նախագծում մասնագիտական ուսումնական հաստատությունը սահմանվել է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մասնագիտական կրթության արհեստագործական կամ միջին մասնագիտական մակարդակի հիմնական և լրացուցիչ ծրագիր: Ըստ կարգավիճակի՝ ՄՈՒՀ-երը կլինեն պետական, որը հիմնադրվում է Կառավարության որոշմամբ կամ միջպետական պայմանագրի հիմքով, հանրային, երբ հիմնադրվում է պետության և ոչ պետական կազմակերպության միջև (այդ թվում՝ օտարերկրյա) համագործակցության պայմանագրի հիմքով, մասնավոր, երբ հիմնադրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից (այդ թվում՝ օտարերկրյա)։ Մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը՝ որպես արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն:

Փորձագետը ներկայացրել է մասնագիտական կրթության և ոչ ֆորմալ կրթության ու սոցգործընկերության սահմանումները, ինչպես նաև ՄԿՈՒ ընդունելության եռամյա պլանավորման քաղաքականությունը: Մարինե Հակոբյանն անդրադարձել է նաև պետության կողմից փոխհատուցվող տեղերի բաշխմանը, ՄԿՈՒ ծրագրերին և դրանց ներկայացվող պահանջներին, ոլորտային որակավորումների շրջանակին, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգին: Փորձագետը ներկայացրել է նաև աշխատանքի ընթացքում ուսումնառության, դուալ կրթության, ամփոփիչ ատեստավորման և որակավորման հարցերը: Նրա խոսքով՝ առաջին մակարդակում իրականացվում է արհեստագործական կրթություն, և անձին շնորհվում է արհեստավորի որակավորում, իսկ երկրորդ մակարդակում՝ մասնագետի կրթություն և շնորհվում մասնագետի որակավորում: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման դեպքում տրամադրվում են գնահատված և ճանաչված կարողությունների հավաստագիրն ու ներդիրը։

Իր զեկույցում Մարինե Հակոբյանը ներկայացրել է նաև ՄՈՒՀ-ի աշխատողներին ներկայացվող պահանջները, ատեստավորման, վերապատրաստման, մասնագիտական ոլորտային հմտությունների զարգացման և ներդրման հարցերը. որակավորման տարակարգերը պետք է համապատասխանեն դասախոսի կամ վարպետի մասնագիտական չափորոշիչներին: Նա անդրադարձել է նաև ՄՈՒՀ-ի կառավարման խորհուրդներին, որոնք ձևավորվում են եռակողմ առաջադրման սկզբունքով. 2-ը՝ լիազոր մարմին, 2-ը՝ սոցգործընկերներ, 3-ը՝ ՄԿՈՒ: Զեկույցի ավարտին Մարինե Հակոբյանը ներկայացրել է կրթության որակի կառավարման գործիքակազմը, այն է՝ լիցենզավորում, հավատարմագրում և արտաքին գնահատում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ գործող օրենքում առաջին ընթերցմամբ անցած ընթացիկ փոփոխությամբ փորձ է արվում ատեստավորման և տարակարգերի մեխանիզմը ներդնել ավելի արագ, քան նոր օրենքի շրջանառությունն է. «Նախագիծը դեռևս երկար քննարկման կարիք ունի, քանի որ նախատեսվում են մեծածավալ փոփոխություններ, իսկ Կառավարության գործունեության ծրագրով ոլորտում հստակ սահմանված են ատեստավորման և տարակարգերի ներդրման թիրախներ: Ունենք նախնական պատկերացում, որ կամավոր ատեստավորման գործընթացը կարող ենք սկսել ոլորտային սկզբունքով՝ ընտրելով պետության համար գերակա ոլորտները, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսական մասնագիտությունները: Սա ամբողջությամբ նոր գործընթաց է, և մեխանիզմը լավ պատկերացնելու և փորձարկելու կարիք կա, որպեսզի կարողանանք նաև մյուս ոլորտների համար այն պատշաճ մշակել և իրականացնել»,-նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ի տարբերություն հանրակրթության՝ ՄԿՈՒ գործող օրենքի փոփոխությամբ որակավորման 3 տարակարգ է նախատեսվում՝ հաշվի առնելով կրթական ծրագրերի տևողությունը:

Անդրադառնալով ՄԿՈՒ օրենքի նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ փաստաթղթերի լայնածավալ փաթեթը փորձագետների կողմից մշակվել է շուրջ 2 տարի. գործընթացը եղել է շատ մասնակցային և ընդգրկել է քննարկումների փուլեր տարբեր հաստատությունների ու շահագրգիռ մարմինների հետ. «Այն իրոք ոլորտի ամբողջական վերանայմանն ուղղված փաստաթուղթ է, և ակնհայտորեն փաթեթը կարիք ունի վերանայման. դրույթներ կան, որ հաստատապես ենթաօրենսդրական ակտերի կարգավորման տիրույթում են: Կա մի քանի կետ, որոնց շուրջ դեռևս չունենք վերջնական դիրքորոշում, ինչպես օրինակ՝ կրթական ծրագրերի տևողությունը: 9-րդ դասարանից հետո կրթությունը ՄԿՈՒ համակարգում շարունակելու դեպքում այն համարվում է նաև հանրակրթության մաս, և 12 տարին պարտադիր պետք է լրացվի: Կարծում ենք՝ առնվազն քննարկման ենթակա է այն հարցը, որ պարտադիր դարձնենք ոչ թե կրթության 12-ամյա տևողությունը, այլ 9-րդ դասարանից հետո կրթության շարունակականությունը, սակայն եթե այն ապահովվում է միայն արհեստագործական ծրագրի շրջանակում: Մասնագիտական որակավորման ստացման ստանդարտ տևողությունը, օրինակ, կարող է լինել մեկ տարի, որից հետո որակավորված մասնագետն արդեն կզբաղվի աշխատանքային գործունեությամբ»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթական հաստատությունների՝ առանձին իրավակազմակերպական կարգավիճակ ունենալու հարցին, որը նաև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն լուծումներ գտնել. «Օրինակ՝ կրթական հիմնադրամը սահմանել որպես կազմակերպության տիպ, և դրանով իսկ տալ առանձնահատուկ գործունեության հնարավորություններ: ՄԿՈՒ համակարգում առկա են հաստատություններ, որոնք հատուկ նշանակություն ունեն, օրինակ՝ ռազմարդյունաբերության համար կամ Գյումրու տեխնիկական քոլեջը, որը երկաթուղային գործի մասնագետներ պատրաստող միակ հաստատությունն է: Գտնում ենք, որ հանրապետական նշանակություն ունեցող հաստատությունները կարող են ունենալ ամբողջական պետական ֆինանսավորում, և դրանց կառավարման մոդելը կարող է լինել այլ, քան ներկայացված ստանդարտ տարբերակը»,-նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մյուս արմատական փոփոխությունը վերաբերում է աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը:

Հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, նրա տեղակալին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսումնական ծրագրերում աշխատանքի կարևորության և համապատասխան մշակույթի ձևավորման, ծրագրերի ճկունության և երեկոյան ժամերին դասերի անցկացման կամ վիդեոդասերի հնարավորության, մշակութային մասնագիտությունների առանձնահատկություններին, ընդունելության և քոլեջից բուհ անցման, մասնագիտական կողմնորոշման խնդիրներին: Խորհրդի անդամներին հետաքրքրել են նաև դասավանդողներին ներկայացվող պահանջների, ՄԿՈՒ հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության, համապատասխան պայմանների ապահովման և կարիքի գնահատման, դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ֆինանսավորման, ոչ ֆորմալ կրթության, սոցգործընկերության, խորհուրդներում ուսանողական համայնքների ներգրավվածության վերաբերյալ հարցերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը հավանության է արժանացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: