Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Համերգային միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տիկնոջ հետ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործությունները։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի արտիստ Աննա Ագլատովան: