Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը չեմպիոն է հռչակվել 60 կգ քաշայինների պայքարում:

Եզրափակիչում նա մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև, Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։ 60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0:

Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Նշենք՝ Հայաստանի թիմի կազմում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63, 5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ) , Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։

Առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել: