ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացումը նախատեսվում է իրականացնել տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական նորարարության խթանման, օրինակ՝ ֆինանսական գրագիտությունը զարգացնող առցանց խաղի մշակում և այլն) և այլ միջոցներով, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել կոռուպցիայի վերաբերյալ դասընթացներ:

Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Մրցույթի արդյունքում կարող են կնքվել մեկից ավելի պայմանագրեր:

Հաղթող ճանաչված մասնակցի/ների դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 30 երիտասարդ։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը ժամը՝ 11:00-ն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝

  • Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,
  • Ծրագրի աշխատակազմի փորձառություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. Նմանատիպ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները:
  2. Ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):
  3. Հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին:
Հեռախոս`
(+374 10 599 642)
Էլ.
փոստ` armenuhi.petrosyan@escs.am