ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման նպատակով:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» նպատակի իրագործման համար հաղթող մասնակցին (մասնակիցներին) տրամադրել առավելագույնը 5 մլն դրամ դրամաշնորհ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), որի շրջանակում կարող են կնքվել մեկից ավելի պայմանագրեր։
Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 60:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.
1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,
2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,
3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները, իսկ պատճենների ներկայացման անհնարինության դեպքում՝ փաստացի ապացույցներ ծրագրերի իրականացման մասին՝ նկարներ, տեսանյութեր, հանրային գրառումներ, հրապարակումներ, հոդվածներ և այլն,
- ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ,
- հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր՝ ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ։
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 7-ը՝ ժամը 12:00-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։
Հայտերի և կցված բոլոր փաստաթղթերի (ինքնակենսագրականներ, գնային առաջարկներ, պայմանագրեր և այլն) ներկայացման լեզուն հայերենն է:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, որը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության www.minfin.am կայքում:
Կազմակերպությունն ընդգրկվում է վերը նշված ցուցակում, եթե՝
1) որպես հաղթող հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Վերոնիկա Խորասանյանին,
հեռախոս` +374 10 599 641: