ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր Մկրտչյանը և Վահագ Ռաշը։ Անդրադարձ է եղել նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ընթացքին։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության և գործընկերներին՝ համագործակցության համար։ Նրա գնահատմամբ՝ մշակութային նմանատիպ միջոցառումները հայ-վրացական բարեկամական դարավոր կապերն ընդգծելու և ավելի սերտացնելու նպատակ ունեն։

«Օրն այսօր Տերյանի մասին է, և մենք հավաքվել ենք լսելու և ասմունքելու սիրելի բանաստեղծին։ Էլ ինչ աշուն՝ առանց Տերյան,- ասել է Սամվել Մկոյանը և հավելել,- այս տարածաշրջանում մշակութային իրադարձությունները հաճախադեպ չեն, և սա հնարավորություն է մարդկանց համար՝ ուղղակի վայելելու միջոցառումը՝ ևս մեկ անգամ արժևորելով Տերյան բանաստեղծին և գործչին»։

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզկենտրոն Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից և Վահան Տերյանի արվեստի երկրպագուներ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խորհրդանշական է համարել Չարենցի տուն-թանգարանի մասնակցությունը Տերյանին նվիրված միջոցառմանը «Սա հրաշալի առիթ է՝ ևս մեկ անգամ ներկայացնելու և գնահատելու Տերյանի գործունեությունը։ Չարենցյան ներկայությունն այս միջոցառմանը խորհրդանշական է, քանի որ Տերյանը, ինչպես գիտենք, եղել է Չարենցի գրական նախահայրը։ Մենք այստեղից կգնանք՝ մեզ հետ տանելով տերյանական շունչը, որ տիրում էր այս միջավայրում»։

Մեծ հայերի փոքր հայրենիքում՝ Ջավախքում, նմանատիպ միջոցառումների անցկացումը դրական է գնահատել նաև մյուս մեծ ջավախքցի գրողի՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Հյուրերը միջոցառման շրջանակում այցելել են Կարծախ՝ Ջիվանու տուն-թանգարան, Փարվանա լիճ՝ հիանալու բանաստեղծական բնապատկերով։ Շրջել են նաև Գանձա գյուղում 2021 թվականին հիմնանորոգված և վերաբացված Վահան Տերյանի ցուցասրահում, եղել թանգարանի հուշային հատվածում, ծանոթացել բանաստեղծի հայրական տան կենսագրությանը, նրա մանկության հուշերին։ Նշենք, որ այժմ մեկնարկային փուլում են թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները։