Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ. «Պարգևատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում և այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին և մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը: Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգևներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»:

Հանրապետության նախագահի խոսքով՝ տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության:

«Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի և այդ պարտականություններից մեկն է՝ արժանի քաղաքացիներին պարգևատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգևորություն առաջացնել»,- նշել է ՀՀ նախագահը:

Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Պետական պարգևների և կոչումների են արժանացել նաև մշակույթի, արվեստի և գիտության մի խումբ երախտավորներ:

«Այնպես ստացվեց, որ բազմաբովանդակ պարգևատրումներ և կոչումների շնորհում ունենք այսօր: Բոլորիդ մեկ բան է միավորում: Դուք բոլորդ ձեր գործում ձեր մասնագիտական կարողությունները, գիտելիքներն օգտագործում եք բարձր մակարդակով և պետության կողմից արժանացել եք այս բարձր պարգևներին և կոչումներին: Սա միավորում է ձեզ բոլորիդ և օրինակ է բոլորիս համար:

Մենք որպես պետություն այս կերպ ենք փորձում արժանին մատուցել ձեզ: Դուք ավելիին եք արժանի, հավատացեք: Դուք բոլորդ ձեր գործով մեզ ոգևորում եք:

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Խնդիրները փորձում ենք լուծել բոլորս միասին, ամեն մեկս մեր տեղում աշխատելով, պաշտպանության նախարարությունը իր տեղում, Սունդուկյանի թատրոնը՝ իր տեղում, սրտաբանական ինստիտուտը՝ իր տեղում: Ամեն մեկն իր գործն է անում և սրանով ենք մենք ուժեղ լինելու: Մենք միասնաբար պետք է լուծենք խնդիրը, որը կոչվում է ինքնաիշխանության պահպանում և արժանապատիվ կյանք:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորին, մաղթել հաջողություններ»,- նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: