ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային ծրագրում 33 ֆիլմ է ընդգրկվել աշխարհի 10 երկրից, որից 18-ը՝ ազգային, իսկ 15-ը՝ միջազգային ծրագրում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հրազդան, Ծաղկաձոր և Աբովյան քաղաքներում:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Տեղի կունենան նաև վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, ինչպես նաև խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնի ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնի պաշտոնական բացումը և մրցութային ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի ժամը 18:00֊ին` 2022 թվականին «ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանի դրամատիկական թատրոնում:

Ծրագրին և միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: