ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գրիգորի Գևորգյանը։

Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։
1977 թվականից իր մասնագիտական և ստեղծագործական կյանքը կապել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի հետ, որտեղ շուրջ 42 տարի որպես դերասան՝ ծառայել է իր սիրելի հանդիսատեսին։

2010 թվականին Բագրատ Գևորգյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
2014-ին պարգևատրվել է ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալով, իսկ 2018 թվականին արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Գևորգյանի հարազատներին, Ամո Խարազյանի անվան Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին և նրա արվեստի երկրպագուներին:

Հայտնում ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը` 14:00-16:00-ն, Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում, 18:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 19-ին ժամը` 13։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: