ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես կգան լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը:

Համերգային ծրագրում կհնչեն Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և սիմֆոնիա թիվ 5-ը:

Երաժշտագետները հաճախ են նշում, որ Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է, հրաշալի դիրիժոր, այլև հիանալի կոմպոզիտոր, մի այնպիսի արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմիի» գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Երաժշտաքննադատները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը գրել է, որ միայն Սկարլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների շարքում:

Դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ. Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (1974 թվականից), եղել է նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (1997–2006 թթ.), Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը (1997 թվականից), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (2000 թվականից), Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:

Նշենք, որ համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Primavera Foundation»-ի համագործակցությամբ: «Primavera Foundation»-ը գործունեություն է ծավալում Հայաստանի և այլ երկրների միջև մշակութային երկխոսության ուղղությամբ՝ նպաստելով հայկական մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում բարձր մակարդակով ներկայացմանը, երիտասարդ հայ երաժիշտների աջակցմանը: