ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը:

Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Երևանի պետական տիկնիկային թատրոնի անձնակազմի ներկայացուցիչներ, դերասաններ, մտավորականներ։

Հոբելյանական միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով թատրոնի ճեմասրահում բացվել է թանգարանային հատված, որտեղ ներկայացված են թատրոնի 30-ամյա տարեգրությունը՝ խաղացանկում տեղ գտած ներկայացումները, առաջին տիկնիկներն ու տարբեր տարիների ձեռքբերումները:

Հոբելյանական միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով, որ Վանաձորի տիկնիկային թատրոնը բարոյական սխրագործության, բացառիկ մասնագիտական նվիրումի և բարձր քաղաքացիական գիտակցության դրսևորում և խորհրդանիշ է:

«Տիկնիկային թատրոնն ավելին է, քան մասնագիտությունը, և ավելին, քան արվեստը: Տիկնիկային արվեստի գործիչները երևի թե այն միակ մասնագետներն են, որոնց կարելի է համեմատել ուսուցիչների հետ՝ իրենց կարևորությամբ և հասարակական նշանակությամբ: Այն, ինչ արել է թատրոնի նախկին տնօրեն պարոն Մելիքյանը, արժանի է հիացումի և խոնարհումի: Ես հիշում եմ 90-ականների խավար, ցուրտ, դժնդակ օրերը, և մեր՝ երեխաներիս համար սա այն եզակի կղզիներից էր, որը թույլ էր տալիս տեսնել, շփվել այլ միջավայրի, այլ զգացմունքների, առօրյա խոսակցություններից ու հոգսերից հեռու այլ իրականության հետ»,- նշել է նախարարի տեղակալը:

Թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը ներկայացրել է թատրոնի անցած ճանապարհը և առաջիկա անելիքները:

Այնուհետև օրհնության խոսք է ասել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վանաձոր համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորել է ներկաներին թատրոնի հոբելյանի առթիվ և նշել, որ մոտ ապագայում տիկնիկային թատրոնը կունենա նոր շենքային պայմաններ։

Միջոցառման ընթացքում Վանաձորի կամերային նվագախումբը հանդես է եկել կատարումներով: Ցուցադրվել են նաև հատվածներ թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից:

Հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով թատրոնի հիմնադիր Սերյոժա Մելիքյանը և տիկնիկավար-դերասան Սուսաննա Մարջարյանը պարգևատրվել են շնորհակալագրերով: