Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար:

Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 6 միավոր ունի իր ակտիվում և կիսում է 3-5-րդ տեղերը: 8-րդ տուրից առաջ Ղարիբյանը Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանի հետ գլխավորում էր աղյուսակը, սակայն նախավերջին տուրում զիջեց Մակարյանին՝ գործնականում զրկվելով չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից: Մակարյանն այժմ միանձնյա առաջատարն է՝ 7 միավորով:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում մրցաշարային աղյուսակի առաջատարներից է Էմին Օհանյանը: Նա նախավերջին տուրում հաղթել է միանձնյա առաջատար, լեհ Յան Մալեկին և այժմ 6,5 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը:

Նոյեմբերի 14-ին կանցկացվեն Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: