Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարմնամարզիկների պատմական հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ նմանօրինակ հաջողություն կարող է ձևավորվել մի միջավայրում, որտեղ նախ տաղանդի շուրջ համախմբում և թիմային նվիրում կա. «Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Նմանօրինակ հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նա կարևորել է նվաճումների հասած մարզիկների պատվովճարների հատկացմանը՝ ընդգծելով, որ այդ քաղաքականությունը ևս լիարժեք իրագործվում է:

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել՝ ընդգծելով, որ պետության ղեկավարի հետ հանդիպումն իրենց ուժ ու եռանդ կտա՝ աշխատանքներն առավելագույնս կատարելու և ՀՀ մարզական պատիվը բարձր պահելու համար. «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են»:

Հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը և Հարությունյան Մերդինյանը պատմել են աշխարհի առաջնությունից ունեցած տպավորությունների մասին և անդրադարձել առաջիկա ծրագրերին՝ մասնավորապես շեշտելով Օլիմպիական խաղերի մասնակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Երևանի քաղաքապետարանի կողմից ընթացքի մեջ են Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքները: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին և կհամալրվեն ժամանակակից գույքով:

Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը: