ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 10-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները կհյուրընկալվեն Գյումրիում:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Գյումրու hայորդաց տանը: Դպրոցի ջազ-բենդը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Գյումրու երաժշտական և արվեստի դպրոցների սաներին կներկայացնի բազմաժանր համերգային ծրագիր: Միջոցառման շրջանակում Չայկովսկու անվան դպրոցի դասատուները կիրականացնեն վարպետության դասընթացներ:

Մինչ միջոցառումը նախատեսված է այցելություն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, շրջայց Գյումրիում՝ քաղաքի պատմությանը ծանոթանալու նպատակով: Ծրագրի շրջանակում Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ներկայացուցիչները հանդիպում կունենան նաև քույր-դպրոց Ա. Շիշյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժների և սովորողների հետ:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն իրականացվում է 2019 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ:

Տարիների ընթացքում ծրագիրը Երևան-ՀՀ մարզեր մշակութային կապերի ամրապնդման, հայրենաճանաչության, մշակութային կրթության շարունակական զարգացման կարևոր դերակատարություն է ստանձնել: Այն սերնդի գեղագիտական դաստիարակության, փորձի փոխանակման, ոլորտի նորարարությունների, առաջավոր փորձի տեղայնացման և մշակութային կրթության միասնական դաշտի գործունեության ապահովման արդյունավետ հարթակ է դարձել:

«Քույր-դպրոցներ» ծրագրի շահառու են հանրապետության շուրջ 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, իսկ միջոցառումներին մասնակցել են շուրջ 3000 սովորողներ ու մանկավարժներ: