Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։
Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը:
Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:
«Երիտասարդական պետական քաղաքականությունը միտված է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի բացահայտմանն ու իրացմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, երիտասարդության ինքնահաստատման և ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը»,- ասել է երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին. նշվել է, որ այն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
2021 թ.ին մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Եղել են հաղթողներ Քիմիական, Տեխնիկական, Գյուղատնտեսական, Պատմական, Ռազմական գիտությունների անվանակարգերում:
Հանդիպմանը կողմերն ամփոփել են նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթը: 2021-թ.ին այն ամփոփվել է Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանում, որտեղ ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների համար։ Ներկայացված նախագծերի մրցութային ընտրությունը կատարել է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Բելառուսից, ՌԴ-ից և Հայաստանից։
Ներկաներն ընդգծել են՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը համագործակցության, փոխադարձ ընկալման, բարեկամական կապերի ամրապնդման և երիտասարդական ներուժի համախմբման շատ լավ հարթակ է, որի արդյունքներն ամփոփվում են երկու տարին մեկ անգամ ԱՊՀ մասնակից պետություններից մեկում՝ հաջորդ տարի Բելառուսում:
Հյուրերը բարձրաձայնել են նաև երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին և ընձեռած հնարավորություններին:
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաք Հրազդան: