ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին:

Նոյեմբերի 2-ին և 3-ին «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Սյունիքի մարզում էր. առաջին կանգառը Գորիս քաղաքն էր։ Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Գորիսից և հարևան համայնքներից ավելի քան հարյուր դպրոցականներ մասնակցել են սիրված արձակագիր, գրականագետ Գրիգի վարպետության դասին։

Հանդիպման ընթացքում խոսվել է հեղինակի ստեղծագործությունների և ծավալած գործունեության, ինչպես նաև գրականության միջոցով հասարակության մեջ առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց շուրջ զրույց սկսելու կարևորության մասին: Ամենահետաքրքիր հարցեր հնչեցրած աշակերտները ստացել են Գրիգի «Հիսուսի կատուն» գիրքը։

Կապանի արվեստի պետական քոլեջում է գտնվում Հայաստանի լավագույն երգեհոններից մեկը։ Այդտեղ տեղի է ունեցել երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի վարպետության դասը։ Հանդիպման մասնակիցները՝ շուրջ 500 աշակերտ Կապանից և հարակից համայնքներից, բացառիկ հնարավորություն են ունեցել լսելու երգեհոնի մոգական երաժշտությունն ու իմանալու հետաքրքիր փաստեր այդ յուրօրինակ գործիքի մասին:

Նշենք, որ ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Երևանից և ՀՀ մարզերից ծրագրին մասնակցում է շուրջ 3500 դպրոցական՝ 450 դպրոցից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցում են արվեստագետ-բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխան, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: