ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների համար նախատեսում է իրականացնել վերապատրաստումների 4-շաբաթյա ծրագիր՝ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթներից ելնելով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը՝ հեռավար ուսուցման կազմակերպման հմտությունների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում նորարարական մոտեցումների ուսումնասիրման և կիրառման միջոցով:

Վերապատրաստումից հետո մասնակիցները կկարողանան օգտագործել ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման» հարթակը, առարկայական դասերը վարել առցանց հարթակի միջոցով, ինչպես նաև հարթակում տեղադրել նյութեր, առաջադրանքներ և ստուգել դրանք:

Վերապատրաստումը կմեկնարկի նոյեմբերի 8-ից և կիրականացվի հեռավար ձևաչափով: Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 46 ուսուցիչ՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Վրաստանից, Սիրիայից:

Դասընթացի ավարտից հետո ընթացիկ ակտիվություն ցուցաբերած և համակարգում հեռավար փորձնական դասընթաց ստեղծած ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի հավաստագրեր: