Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը 15,050 միավոր է վաստակել և ոսկե մեդալ նվաճել: Որակավորման փուլում Դավթյանը 14.900 միավոր էր վաստակել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի անդամ, 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր: Նժույգթափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Առաջին անգամ Մերդինյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճել էր 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Ի դեպ, Մերդինյանն աշխարհի ամենատարեց մարմնամարզիկն է, որը մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում:
Հարություն Մերդինյանն ընդգծել է, որ տարիքն իր համար պարզապես թիվ է. «Ինձ լավ եմ զգում, այնպես որ կարող եմ շարունակել մրցունակ լինել: Հպարտ եմ, որ կարող եմ շատ մեդալներ նվաճել Հայաստանի համար»։
Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն անմասն են մնացել մեդալներից՝ օղակների վարժության եզրափակիչի արդյունքում զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականները:
Աշխարհի առաջնության որակավորման փուլը չէր հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ մարմնամարզիկներն ավելի վաղ 21-օրյա ուսումնամարզական հավաք էին անցկացրել Թբիլիսիում:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է եղել աշխարհի առաջնության մրցավարների շարքում, իսկ հավաքականին ուղեկցել է մարզիչ Հայկ Նազարյանը: