Նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, հանդիսավորությամբ բացվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը:

Հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Օհան Դուրյանի այրին՝ Ալիս Դուրյանը, և որդին՝ Նարեկ Դուրյանը, մտավորականներ, արվեստագետներ, մաեստրոյի արվեստի երկրպագուներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ մաեստրոյի արձանի բացումն իսկապես ուրախալի առիթ է. «Պատիվ և ուրախություն եմ ունեցել մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս: Երբ այդ գաղափարը լսեցի՝ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրել, ճիշտն ասած, այն ինձ համար անսպասելի էր: Եվ երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է Օհան Դուրյանի այս ներկայությունն Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ. խորհրդանշում է իր ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս»:

Վարչապետի խոսքով՝ Օհան Դուրյանի ներկայությունն Ազատության հրապարակում խորհրդանշում է նաև բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունը՝ Վահագն Խաչատուրյանի, Վահրամ Դումանյանի, Արամ Սարգսյանի և մյուսների:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մշակութային-հասարակական գործիչ Վահան Վարդապետյանին և անդրադարձել մաեստրոյի հետ նրա անձնական կապվածությանը. «Այս ողջ ընթացքում մտածում էի, թե որքանով այդ անձնական կապվածությունը կարող է հակասել, հակադրվել Ազատության հրապարակի և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի էսթետիկային: Բայց պետք է ասեմ, որ իսկապես հոյակապ տեղ հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, և ես դրա համար շնորհակալ եմ»,- նշել է Վարչապետը և շնորհավորել ու շնորհակալություն հայտնել մտահղացման հեղինակին և իրականացնողին:

Խոսելով Օհան Դուրյանի կերպարի մասին՝ Վարչապետն ընդգծել է՝ ծնվել է Երուսաղեմում, դեգերել է ամբողջ աշխարհով և հանգչում է հայրենիքում, բայց ապրել է հայրենիքում:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հոբելյանական միջոցառումներն ընդգրկում են մի շարք կարևոր մշակութային իրադարձություններ:

Մաեստրոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 8-ից՝ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն իրականացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացել է Կենտրոնական բանկի կողմից թողարկված Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամի շնորհանդեսը, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «Հայփոստի» կողմից թողարկվել է Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնում է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Հրապարակվել են արխիվային բացառիկ տեսանյութեր, ցուցադրվել է Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը (2006 թ.)՝ հայերեն թարգմանությամբ, 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն հեռարձակվում են: Հայաստանի հանրային ռադիոն լույս է ընծայել Օհան Դուրյանի ղեկավարությամբ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրությունների ութ սկավառակներից բաղկացած ժողովածուն (ընդգրկում է 1968-1991 թվականները), որոնք արդեն հասանելի են լայն հանրությանը: Շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր: Ֆրանսիայում «Տեսալսողական միջազգային կազմակերպությունը» թողարկել է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: