ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է «Bayern fit for Partnership» լարային և կսմիթային երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին:

Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում: Այն իրականացվել է Բավարիա երկրամասի էկոնոմիկայի նախարարության և Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ: Այցը կազմակերպել էին գերմանական «DEGA-EXPOTEAM GmbH und Co.» և հայկական «German Business Association-German Chamber of Commerce» կազմակերպությունները։

Ծրագրին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը և երեք երաժիշտներ՝ առաջին ջութակների խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը և տրոմբոնահար Կարապետ Հարությունյանը:

Մասնակիցներն այցելել են Բավարիայի երաժշտական գործիքներ արտադրող ընկերություններ՝ «Գուչ», «Էրբեն», «Լոբ», «Լեոնհարդտ», ինչպես նաև «Münchner Geigentage» երաժշտական ​​գործիքների տոնավաճառը: Հաշվի առնելով ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կարիքները՝ մասնակիցները չեն սահմանափակվել միայն լարային և կսմիթային գործիքների ուսումնասիրությամբ, այլ տեղում ծանոթացել են նաև պղնձափողային գործիքների արտադրությանը:

Վերոնշված ընկերություններին, ինչպես նաև տուբա արտադրող «Miraphone» ընկերությանը նախնական հարցում է արվել՝ հետագայում նոր գործիքների ձեռքբերման նպատակով: Գործուղման արդյունքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գնել և Հայաստան է բերել գերմանական «Կյունլ-Հոյեր» ֆիրմայի ալտ տրոմբոն երաժշտական գործիքը: