ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ն անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը:

Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի
փակման գալա համերգը: Համերգին կմասնակցեն երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն Թագվորյանը և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Կհնչեն Գ. Ֆ. Հենդելի վեց երգեհոնային կոնցերտներ, op 4:

Նշենք, որ փառատոնի շրջանակում կայացել է 12 համերգ, այդ թվում Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, ինչպես նաև Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում և Կապանի արվեստի պետական քոլեջում: Փառատոնը մեկնարկել է Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով:

Փառատոնին մասնակցել են արտերկրի հայտնի երգեհոնահարներ Լադա Լաբզինան (Ռուսաստան), Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ) և Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Նկատենք, որ վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես են եկել նաև Չարենցավանում ու Կապանում:

Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացրել են Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել նաև սոպրանո Էլվիրա Մարգարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը և հոգևոր երաժշտության «Սաղմոսերգու» արական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Վահե Բեգոյան):

Հնչել են ինչպես դասական ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների ստեղծագործություններ: Կայացել են ծրագրային, այդ թվում՝ Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ: