Հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:

Հայ թատերական աշխարհից ևս մեկ յուրօրինակ գույն պակասեց…

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր) 1945 թ. օգոստոսի 19-ին: 1971 թ. ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1973-96 թթ. և 2008 թ.-ից մինչև իր մահը եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստի­տուտում, իսկ 1994-98 թթ.՝ որպես ռեկտոր ղեկավարել է ինստիտուտը: 1996-2008 թթ. եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 2008 թվականից վերադարձել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարել է գեղարվեստական մասը:

Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը բեմադրել է մեծաթիվ ներկայացումներ, որոնք համալրել են թատերական խաղացանկը հայ և համաշխարհային դասականների գործերով, արդի դրամատուրգիայի երկերով: Վ. Շահվերդյանի աշխատանքներն արժանացել են հանրապետական և միջազգային մրցանակների:

1996 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, 2005 թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006 թ.` ՀՀ մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով, 2003 թ.` «Վահագն» համահայկական, 2006 թ. և 2013 թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակներով: 2016 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Վահե Շահվերդյանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ն, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, հուղարկավորությունը՝ Վանաձորում՝ ընտանեկան գերեզմանատանը, նույն օրը՝ նոյեմբերի 3-ին:

Երևանից՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքից, նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ին, Վանաձոր կմեկնի ավտոբուս: