Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թ. հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) է գործուղվել հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդական քաղաքականության և սպորտի ոլորտներում հնարավոր փոխգործակցության քննարկման ընթացքում հանդես է եկել ելույթով՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցության ընդլայնումը և համատեղ նոր նախագծերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք կարող են հիմք ծառայել մեր երկրների միջև նոր հնարավորությունների և երկխոսության համար։ Հայ-լիտվական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նստաշրջանի արձանագրությունը ներառում է կրթական և մշակութային համագործակցության ամրապնդման, երկու կողմերի հաստատությունների միջև կապերի և համագործակցության խթանման, տեղեկատվության և փորձի փոխանակման, Լիտվայում հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծման դրույթներ: Նախանշված են նաև համատեղ հետազոտական ​​նախագծերի իրականացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման և երիտասարդական ծրագրեր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է՝ սկսելու համապատասխան նախարարությունների միջև գործնական ծրագրերի մշակման աշխատանքները։

Նախարարի տեղակալը նաև համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմամբ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի և արդյունքների։ Վիլնյուս գործուղված ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է. կազմում ընդգրկված են նաև Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների պատասխանատուները:

Եռօրյա այցի շրջանակում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են գալու ոլորտային զեկույցներով՝ լիտվացի գործընկերների հետ քննարկելով առավել սերտ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Հավելենք, որ ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր կնքվել է 2012 թվականին: Համաձայնագրով նախատեսված ծրագրերի ժամկետն այս տարի ավարտվում է, ուստի հանդիպման ընթացքում դիտարկվել է նոր, արդիականացված համաձայնագիր մշակելու և ստորագրելու հարցը: Ըստ համաձայնագրի՝ կողմերը, կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, աջակցելու են հանրակրթական, բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև խրախուսելու են հետազոտողների, դասախոսների, ուսուցիչների, ուսանողների ու աշակերտների փոխանակման ծրագրերի իրականացումը: