ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Ըստ առաջարկվող նախագծի հիմնավորման՝ գործող կարգով հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության համար հիմք են հանդիսացել հավաստագրի առկայությունը և կառավարման խորհրդի կողմից անցկացված ընտրությունը: Տնօրենների ընտրության կարգը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք: Կարգի շուրջ 12 տարվա գործարկման արդյունքում կառավարման արդյունավետության և կրթության որակի բարելավման առումով էական արդյունք չի արձանագրվել:
Գործող կարգավորումներով հավաստագրված անձը տնօրենի ընտրության, նշանակման գործընթացին մասնակցելիս ներկայացնում է իր կազմած զարգացման ծրագիրը (երբեմն դրանք նաև կրկնություններ և արտատպումներ են լինում): Տնօրենի պաշտոնի հավակնորդը կառավարման խորհրդի որոշմամբ ընտրվում է հաստատության տնօրեն, սակայն շատ դեպքերում երկրորդական պլան են մղվում կարևոր բաղադրիչները, որոնցից են, օրինակ, կառավարչական հմտությունների արդյունավետության արդյունքում արձանագրված ցուցանիշները (նախորդ զարգացման ծրագրի կատարումը, կրթության որակի բարձրացմանը միտված ցուցանիշները և այլն):
Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովել զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ մրցույթի անցկացումից:
Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տնօրենին տրվելու է պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն, որը հիմք կհանդիսանա նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու հինգ տարով: Հաջորդաբար մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհրդին կներկայացնի ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր առաջարկած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:
Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:
Ատեստավորման իրականացում
Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են՝ ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.
- հաստատության գործունեությունը.
- իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.
- նպատակների և խնդիրների սահմանումը.
- սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.
- պատասխանատուները.
- արդյունքների գնահատման չափանիշները.
- ռիսկերը.
- գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները։
Բաղադրիչների գնահատման համար սահմանվում է չորս վարկանիշ.
«Արդյունավետ» - 9-10 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հետևողականորեն իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները, արձանագրել սահմանված վերջնարդյունքների կատարումը և դրանց առնվազն 20 տոկոսի դեպքում ապահովել գերազանցող ցուցանիշներ: Արդյունավետ վարկանիշը նշանակում է, որ կատարումը գերազանց է, տնօրենն այս բաղադրիչով լավագույնն է:
«Զարգացնող» - 7-8 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հիմնականում իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները: «Զարգացնող» վարկանիշը նշանակում է, որ կատարողականը գոհացուցիչ է, սակայն ոլորտների առավելագույնը 20 տոկոսը կատարելագործման կարիք ունի:
«Բավարար» - 4-6 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առնվազն 60 տոկոսը, սակայն կա արդյունքների էական բարելավման կարիք: Տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության կողմից երաշխավորված տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացներին: Նրան կարող է առաջարկվել նաև իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:
«Ոչ արդյունավետ» - 0-3 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առավելագույնը 59 տոկոսը: Ցուցաբերած այս կատարումը պահանջում է միջամտություն: Ոչ արդյունավետ վարկանիշը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրով սահմանված գործառույթների կատարողականն անբավարար է, և աշխատանքում պահանջում է զգալի բարելավում: Ոչ արդյունավետ վարկանիշը կարող է հիմք հանդիսանալ տնօրենին չատեստավորելու համար։
Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը: