ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը:

Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կանցկացվի 2023 թվականի հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում: ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: 2023 թվականին առաջին անգամ ՀՀ մարզիկները միջոցառմանը մասնակցելու են պետական ֆինանսավորմամբ:

Հաշվի առնելով այն, որ միջոցառումը կայանալու է 2023 թվականի հունվարին, անհրաժեշտություն է առաջացել խաղերի մասնակցության ապահովման համար անհրաժեշտ 19 մլն 312 հազար 300 դրամը 2023 թվականի 1-ին եռամսյակի փոխարեն տրամադրել 2022 թվականի 4-րդ եռամսյակի հոկտեմբերին, ինչը հնարավորություն կտա իրականացնելու միջոցառման կարգով նախատեսված կանխավճարների փոխանցումը, ԱՄՆ վիզաների ստացման վճարները, ավիատոմսերի և մարզական հանդերձանքի նախապես ձեռքբերումը:

Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից: