Հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ գիտաչափություն» խորագրով։

Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:

Դպրոցի ծրագրում ներառված են հետևյալ թեմաները․

  • Ազգային գիտության միջազգայնացումը․ հեռանկարներն ու խոչընդոտները,
  • Գիտաչափության կիրառելիությունը գիտության քաղաքականության մշակման և դրա իրականացման փուլերում,
  • Գիտական ամսագրերի ընտրության գիտաչափական առանձնահատկությունները,
  • Հետազոտողների գործունեության գնահատման չափանիշները,
  • Գիտության ոլորտում անբարեխիղճ ծառայությունները,
  • Ամսագրերի գնահատման և ընտրության գործընթացը «Web of Science» և «Scopus» շտեմարաններում։

Նշենք, որ ամսագրերի առաջխաղացմանն ու միջազգային գիտական շտեմարաններում ինդեքսավորման խնդիրների վերաբերյալ անցկացվելու է հատուկ աշխատաժողով, որի ժամանակ նախ կներկայացվի այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի հերթականությունը, ապա անդրադարձ կկատարվի աշխատաժողովին ներկա գլխավոր խմբագիրների ամսագրերին՝ վերլուծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը։

Դպրոցը նախատեսված է ունկնդիրների լայն շրջանակի համար՝ հետազոտողներ, գրադարանավարներ, գիտական քաղաքականություն մշակողներ և գիտության ոլորտի ղեկավարներ, ասպիրանտներ ու գիտական ամսագրերի խմբագիրներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է։

Անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Երևան, Պ․ Սևակի 1։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://csiamconf2022.sci.am/ կայքում։