Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 22.6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14.5 տարին արտոնյալ է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաև դրանք համալրել անհրաժեշտ գույքով:

«Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաև այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների թիվը»,- իր ելույթում նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նորարարական և զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաև բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2.6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր:

«Հայաստանում կրթության բարելավմանը միտված այս ծրագիրը Համաշխարհային բանկի հետ իրականացվում է դեռևս 2015 թ. և մինչև 2022 թ. վերջ արձանագրվել են բավականին լուրջ հաջողություններ: Վերը նշված ծրագրերից բացի՝ հարկ եմ համարում ընդգծել, որ դրական արդյունքներ ունենք նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) առումով, որը կրթության համակարգում թվայնացման կարևոր գործառույթ է իրականացնում: Տրամադրած 18 դրամաշնորհային ծրագրով 15 բուհերում հիմնվել են նորարարական և գիտահետազոտական կենտրոններ՝ հագեցած գերժամանակակից տեխնոլոգիաներով և արդիականացված կրթական բովանդակությամբ»,- փաստել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվող վարկային համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցներն ապահովել բնագիտական լաբորատորիաներով: Հանրապետության 80 բնակավայրում էլ ստեղծվելու են առնվազն 80 նախակրթարան, որոնք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները:

Կառավարության ծրագրով ամրագրված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, նորոգման և հիմնանորոգման պետական մեծածավալ ծրագիրն իրականացվելու է ֆինանսավորման տարբեր աղբյուրներով, այդ թվում՝ նաև վերը նշված վարկային համաձայնագրի միջոցներով: