ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունները մեդիագրագիտության միջոցառումներ ու դասեր են անցկացնում: Շաբաթվա ընթացքում կրթության շահառուները, օգտվելով առկա կրթական ռեսուրսներից, մասնակցում են առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակում և իրականացնում են կրթական նախագծեր՝ հանրակրթության նոր չափորոշչին համապատասխան՝ ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։

Շաբաթվա ընթացքում կստեղծվեն և սոցիալական մեդիայում կտարածվեն կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերով։

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

  • Հետևել ԿԳՄՍՆ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ֆեյսբուքյան էջերին,
  • Հարստացնել մեդիագրագիտության գիտելիքը՝ անցնելով «Մեդիա iգիտություն» նոր առցանց դասընթացը,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի նոր ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
  • Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
  • Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
  • Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր:

Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանին՝ lgrigoryan@mediainitiatives.am էլեկտրոնային փոստի հասցեով։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը և վստահելի ինֆորմացիան աղբյուրները: Հետևելով մեր թվային վարքին՝ յուրաքանչյուրս կարող ենք փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները, ասելիքը փաստարկել՝ առանց վիրավորանքի, պիտակավորման ու ատելության՝ տուրք չտալով քարոզչական կեղծիքներին։