ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է փորձարարական մշակումների նախագծերի հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին Գիտության կոմիտեի կազմակերպած կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերն ավարտական փուլում պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):

Մրցույթի նպատակներն են՝

  • աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,
  • աջակցել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը,
  • նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
  • նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին,
  • խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,
  • նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը:

Ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներին:

Նախագծերի մշակման և իրականացման համար 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը կստանան մինչև 30 միլիոն ՀՀ դրամ՝ 24 ամսվա համար: Նախագծերը կարող են շարունակվել ևս 12 ամսով, ինչի համար կտրամադրվի ևս մինչև 15 միլիոն ՀՀ դրամ:

Նախագծերը պետք է ունենան առնվազն 6 միլիոն ՀՀ դրամ համաֆինանսավորում ոչ պետական կազմակերպության կողմից: Վերջինս պետք է հետաքրքրված լինի նախագծի գործնական կիրառությամբ:

Հայտերն ընդունվում են grants.scs.am առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, հեռախոս` 210 140 (105):

Մրցույթի հրավերի փաթեթը կցվում է: