ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով:

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի նոյեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն:

Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը:

Այն նպաստում է նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» և «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգերով:

Ներկայացված հայտերը գնահատելու համար ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը բաղկացած է 7 անդամից, որից 3-ը՝ մեդիա ոլորտից, 2-ը՝ պետական կառույցներից, 1 ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից, 1-ը՝ աշխատանքային խմբում ներգրավված փորձագետներից:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի անհատ ներկայացուցիչներ, կազմակերպություններ, լրագրողներ, որոնք այս տարվա ընթացքում անդրադարձել կամ լուսաբանել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Մասնակիցները կարող են ինքնաառաջադրվել կամ առաջադրվել մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության առաջարկով (նախօրոք նյութերի հեղինակների հետ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով համաձայնեցնելով)։