UWC Դիլիջանի քոլեջում հոկտեմբերի 24-28-ը տեղի կունենա «Վիճակագրական մեխանիկան և դրա կիրառությունները» խորագրով առաջին միջազգային համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (ԳՀԱԿ) հետ՝ ի դեմս «Պոնսելետ միջդիսցիպլինար գիտական կենտրոն» միջազգային հետազոտական լաբորատորիայի:

UWC Դիլիջանում անցկացվող հնգօրյա համաժողովին կմասնակցեն վիճակագրական մեխանիկայի ոլորտի առաջատար հետազոտողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Կքննարկվեն ժամանակակից մաթեմատիկայի և ֆիզիկայի հարցեր հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝

  • դասական և քվանտային համակարգերի վիճակագրական մեխանիկա,
  • պատահական մատրիցներ և անկանոն համակարգեր,
  • կոմպլեքս համակարգեր և ցանցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու միջդիսցիպլինար կիրառություններին:

Համաժողովի կազմակերպիչները խրախուսում են մասնակիցների և UWC Դիլիջանի քոլեջի ուսանողների ոչ պաշտոնական շփումը։ Համաժողովի ընթացքում նախատեսվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի հանրային դասախոսություններ: Կազմակերպիչներն ակնկալում են, որ գիտաժողովը նշանակալից միջազգային իրադարձություն կդառնա Հայաստանի գիտական կյանքում` կարևոր գիտական և կրթական ազդեցությամբ: